Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը

Ժամանակագրություն

Մանկությունը և պատանեկությունը

Արամ Խաչատրյանը տաղանդավոր կոմպոզիտոր է, որի ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գանձարանի նմուշներից են: Նրա անունը հայտնի է ողջ աշխարհում, նրա ստեղծագործությունները կատարվում են երկրագնդի բոլոր անկյուններում: Խաչատրյանի երաժշտությունը հնչում է նաև ռադիոյով, հեռուստատեսությամբ, կինոֆիլմերում: ՅՈՒՆԵՍԿՈ-ն Խաչատրյանին դասում է 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքին. մեր ժամանակների ամենահանրածանոթ ստեղծագործությունների ցուցակում առաջնային տեղերից մեկը զբաղեցնում է նրա «Սուսերով պարը» «Գայանե» բալետից:
Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. հունիսի 6-ին Թիֆլիսի (այժմ Թբիլիսի) Կոջորի արվանձանում, հայ կազմարարի ընտանիքում:
«Հին Թիֆլիսը հնչուն, երաժշտական քաղաք է, - հետագայում գրում է Խաչատրյանը, - բավական էր անցնել կենտրոնից քիչ հեռու գտնվող փողոցներով ու նրբանցքներով, որպեսզի մխրճվել ամենատարբեր աղբյուրներից ստեղծված երաժշտական մթնոլորտի մեջ ...»:
Կարևոր էր, որ այդ ժամանակ Թիֆլիսում գործում էին երաժշտական մի շարք հաստատություններ՝ ՌԵԸ-ի (Ռուսական Երաժշտական Ընկերության) բաժանմունքը, երաժշտական ուսումնարանը և իտալական օպերայի թատրոնը: Այստեղ ապրում էին շատ տաղանդավոր երաժիշտներ, որոնց ներդրումը մեծ է հայ և վրաց կոմպոզիտորական դպրոցների ձևավորման գործում: Արվեստի այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են Ֆյոդոր Շալյապինը, Սերգեյ Ռախմանինովը, Կոնստանտին Իգումնովը, իրենց այցելությամբ հարստացնում ու աշխուժացնում էին Թիֆլիսի երաժշտական կյանքը:
Այս բազմերանգ երաժշտական մթնոլորտն իր ազդեցությունը թողեց Խաչատրյանի ստեղծագործությունների վրա: Նրա երաժշտությունը երբեք չէր սահմանափակվում նեղ ազգային շրջանակներով և «խոսում» էր ամենալայն լսարանների հետ: Խաչատրյանը մեծ հարգանք ու կենդանի հետաքրքրություն էր ցուցաբերում տարբեր ժողովուրդների երաժշտության նկատմամբ. նրա աշխարհայացքի և ստեղծագործությունների բնորոշ հատկություններից մեկը ինտերնացիոնալիզմն էր:
Չնայած Ա.Խաչատրյանի երաժշտական ընդունակությունները ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում: Դա 1922 թվականն էր, երբ կոմպոզիտորն եկավ Մոսկվա և ընդունվեց Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան): Միաժամանակ նա սովորում էր Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում՝ ստանալով կենսաբանական կրթություն:
Խաչատրյան-երաժիշտն արտակարգ արագ էր զարգանում: Կարճ ժամանակում նա ոչ միայն լրացրեց բաց թողածը, այլև դարձավ լավագույն ուսանողներից մեկը՝ հնարավորություն ստանալով համերգներով հանդես գալ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ ու Փոքր դահլիճներում:

Կոմպոզիտորի կայացումը

Խաչատրյան-կոմպոզիտորի ճակատագիրը վերջնականապես որոշվեց 1925թ.-ին, երբ ուսումնարանում կոմպոզիցիայի դասարան բացվեց: Ստանալով ստեղծագործելու նախնական գիտելիքներ՝ 1929թ.-ին նա ընդունվեց Մոսկվայի պետական կոնսերվատորիա՝ սովորելով հայտնի կոմպոզիտոր Նիկոլայ Յակովլևիչ Մյասկովսկու մոտ:
Խաչատրյանի վրա անջնջելի տպավորություն թողեց 1933 թվականին Սերգեյ Պրոկոֆևի այցելությունը Մյասկովսկու դասարան: Երտասարդ կոմպոզիտորը հիացած էր հանճարեղ Պրոկոֆևի արվեստով: Ի դեպ, Խաչատրյանի ստեղծագործություններն էլ հետաքրքրեցին Պրոկոֆևին, և նա դրանցից մի քանիսը իր հետ տարավ Փարիզ, որտեղ վերջիններս ներկայացվեցին հանդիսատեսի դատին:
Խաչատրյանի առաջին իսկ հրատարակած ստեղծագործության՝ ջութակի և դաշնամուրի համար գրված «Պար»-ում, հանդես եկան կոմպոզիտորի ոճական շատ առանձնահատկություններ՝ իմպրովիզացիոն և տարբերակային զարգացման հնարները, արևելյան գործիքային երաժշտությանը բնորոշ տեմբրային գունեղությունը, ռիթմական օստինատոն, հայտնի «խաչատրյանական սեկունդաները»: Կոմպոզիտորը ինքը նշում է. «Այդ սեկունդաներն առաջ են եկել մանկությանս տարիներին բազմիցս լսած ժողովրդական գործիքների՝ սազանդար-թառի, քամանչայի, դափի հնչողությունից: Արևելյան երաժշտությունից է գալիս նաև իմ հակումը ձայնառության նկատմամբ»:
Փոքր ձևերից Խաչատրյանն աստիճանաբար անցում կատարեց դեպի խոշորները: 1932թ.-ին ծնվեց նրա Դաշնամուրային սյուիտը, որի առաջին մասը՝ «Տոկկատը», հայտնի դարձավ՝ մտնելով շատ դաշնակահարների երկացանկի մեջ: Ստեղծվելով կոմպոզիտորի գործունեության վաղ տարիներին՝ «Տոկկատը» մինչ օրս պահպանում է իր փայլն ու հմայքը:
«Այդ դինամիկ, փայլուն պիեսի ստեղծումից շատ տարիներ են անցել, սակայն առ այսօր այն առաջ է բերում հասարակության խանդավառությունը, - գրում է կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը։ - Չկա որևէ պրոֆեսիոնալ, որն այն անգիր չիմանա, չվերաբերվի նրան ջերմ համակրանքի զգացումով»:
1933թ.-ին հնչեց նոր ստեղծագործություն՝ սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Պարային սյուիտը»: Կոմպոզիտոր Դմիտրի Կաբալևսկին այսպես էր գրում. «Այս ստեղծագործության առաջին կատարումն անցավ մեծ հաջողությամբ՝ արևի լույս, կյանքի ուրախություն, հոգեկան ուժ ճառաքելով. դեռ ուսանողական նստարանին հրաժեշտ չտված երիտասարդ ստեղծագործողին այն մտցրեց խորհրդային կոմպոզիտորների առաջնային շարքերը»:
«Պարային սյուիտը» շատ նորարարական է, որի տոնական ու գունեղ պարտիտուրում հանդես եկան Խաչատրյանի փայլուն սիմֆոնիկ մտածելակերպն ու վառ անհատական նվագախմբային ոճը:
1935թ.-ին Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճում Է.Սենկարի դիրիժորությամբ հնչեց կոնսերվատորիայի շրջանավարտ-կոմպոզիտորի դիպլոմային աշխատանքը՝ Խաչատրյանի Առաջին սիմֆոնիան: Այն եզրափակեց նրա ուսանողական շրջանը և միևնույն ժամանակ հանդիսացավ կոմպոզիտորի կյանքի ու գործունեության հասուն շրջանի սկիզբը: Հանդիսականներին, մամուլին, կոլեգաներին, ընկերներին նոր ստեղծագործությունն հիացրեց իր գեղարվեստական բարձր արժեքով, ինքնատիպությամբ, մեղեդային հարստությամբ, հարմոնիկ և նվագախմբային գույների շռայլությամբ և հատկապես, երաժշտության վառ ազգային կոլորիտով:

Փառքի գագաթնակետին

Խաչատրյանի հասուն շրջանի ստեղծագործությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում դրամատիկ ներկայացումների համար գրված երաժշտությունը: Այդ ժանրի լավագույն գործերից են «Վալենսիայի այրին» (ըստ Լոպե դե Վեգայի, 1940թ.) և «Դիմակահանդեսը» (ըստ Լերմոնտովի, 1941թ.): Այդ ներկայացումների երաժշտության հիման վրա գրված սիմֆոնիկ սյուիտներն ինքնուրույն համերգային կյանք են ստացել և հաճախ են կատարվում մեր օրերում:
Խաչատրյանը պակաս հետաքրքրություն չի տածել կինոերաժշտության հանդեպ՝ հիանալի իմանալով վերջինիս առանձնահատկությունները և ճիշտ գնահատելով երաժշտության դերը ֆիլմում: Հիանալի է «Պեպո» և «Զանգեզուր» կինոնկարների համար գրված երաժշտությունը, որը նպաստում է գաղափարի ամբողջական բացահայտմանը:
Սակայն Խաչատրյան-կոմպոզիտորի հանճարն առավել վառ կերպով դրսևորվեց նրա սիմֆոնիկ ստեղծագործություններում: Մեծ հաջողություն ունեցան և ունկնդիրների սրտերն անմիջապես նվաճեցին կոմպոզիտորի Դաշնամուրի ու նվագախմբի (1936թ.) և Ջութակի ու նվագախմբի համար (1940թ.) գրված կոնցերտները, որոնցում զարգացում ստացան «Պարային սյուիտ»-ում և Առաջին սիմֆոնիայում տեղ գտած տենդենցներ: Միևնույն ժամանակ դրանք վառ նորարարական ստեղծագործություններ են, որոնցում Խաչատրյանը առաջին անգամ հետաքրքրություն ցուցաբերեց կոնցերտայնության նկատմամբ. հետագայում կոնցերտայնությունը դարձավ խաչատրյանական ոճի առանձնահատուկ կողմերից մեկը:
1941թ.-ին, երբ Խաչատրյանը գտնվում էր ստեղծագործական ծաղկման շրջանում, սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Չնայած ծանր տարիներին, նրա ստեղծագործություններն հաճախ էին կատարվում:
1942թ.-ին Խաչատրյանը ավարտեց Կ.Դերժավինի լիբրետոյով գրված «Գայանե» բալետը, որտեղ հրաշալի կերպով սինթեզեց դասական բալետի, ազգային երաժշտության ու խորեոգրաֆիկ արվեստի ավանդույթները: «Գայանե»-ն այժմ հայրենական և արտասամանյան թատրոնների երկացանկի անբաժանելի մասն է: Մեծ ճանաչում ստացան նաև բալետի երաժշտությունից կազմված երեք սիմֆոնիկ սյուիտները:
1943թ.-ին Խաչատրյանը ավարտեց իր Երկրորդ սիմֆոնիան: Պատերազմի տարիներին գրված այս ստեղծագործության մեջ դրսևորվեցին խաչատրյանական արվեստի նոր և արտասովոր կողմերը: «Երկրորդ սիմֆոնիան, թերևս, Խաչատրյանի առաջին ստեղծագործությունն է, որում ողբերգությունն այդքան բարձր է, - գրում է Դմիտրի Շոստակովիչը։ - Բայց, չնայած իր ողբերգական էությանը, այս ստեղծագործությունը համակված է խորը լավատեսությամբ և հաղթանակի նկատմամբ հավատով: Ողբերգականության և կենսահավատության համակցումը մեծ ուժ է ձեռք բերում այստեղ»:
1944թ.-ին Խաչատրյանը գրեց Հայկական ԽՍՀ պետական հիմնը, իսկ մեկ տարի անց, երբ պատերազմն ավարտվեց, կոմպոզիտորը ստեղծեց նաև իր Երրորդ սիմֆոնիան: Դա «հաղթական» ստեղծագործություն է, պաթետիկ և հանդիսավոր ներբող, ինքնօրինակ հիմն՝ նվիրված հաղթողներին: Ունկնդրելով Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան՝ ակամայից հիշվում են ակադեմիկոս Բ.Վ.Ասաֆևի խոսքերը. «Խաչատրյանի արվեստը կանչում է՝ թող լինի լույս, թող լինի ցնծություն ...»:
1946թ.-ին Խաչատրյանը ավարտեց իր Թավջութակի կոնցերտը, որը մեծ հաջողությամբ կատարվեց Մոսկվայում Ս.Կնուշևիցկու կողմից: Նույն ժամանակաշրջանում հայ պոետների բանաստեղծությունների հիման վրա նա ստեղծեց վոկալ ցիկլ: Եթե գործիքային կոնցերտն արդեն դարձել էր կոմպոզիտորի սիրելի ժանրերից մեկը, ապա վոկալ ցիկլ, նա, ըստ էության, առաջին անգամ էր գրում:
1954թ.-ին ծնվեց Խաչատրյանի ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը՝ «Սպարտակ» բալետը: Այն 20-րդ դարի բալետային գրականության լավագույն նմուշներից է և առանձնանում է խորը գաղափարով, դրամատուրգիայի և ձևի մասշտաբայնությամբ, երաժշտա-խորեոգրաֆիկ խնդիրների համարձակ լուծումներով:
60-ական թվականներին Խաչատրյանը նորից դիմում է կոնցերտային ժանրին՝ իրար հետևից ստեղծելով երեք կոնցերտ-ռապսոդիա՝ Ջութակի և նվագախմբի (1961թ.), Թավջութակի և նվագախմբի (1963թ.), Դաշնամուրի և նվագախմբի համար (1968թ.): Կոմպոզիտորը նաև չորրորդ կոնցերտ-ռապսոդիա գրելու մտադրություն ուներ, որում պետք է միավորվեին այս երեք գործիքները... 1971թ.-ին կոնցերտ-ռապսոդիաների տրիադան արժանացավ Պետական մրցանակի:
Խաչատրյանի կյանքում ուրույն տեղ է զբաղեցնում նրա մանկավարժական գործունեությունը: Տարիներ շարունակ նա վարում էր Մոսկվայի Պ.Ի.Չայկովսկու անվան կոնսերվատորիայի և Գնեսինների անվան երաժշտական ինստիտուտի կոմպոզիտորական դասարանները: Զարգացնելով իր ուսուցչի՝ Մյասկովսկու մանկավարժական սկզբունքները և հիմնվելով կյանքի և գործունեության սեփական փորձի վրա՝ Խաչատրյանը ստեղծեց իր կոմպոզիտորական դպրոցը:
Խաչատրյանի անձնական կյանքը նույնպես հարուստ էր իրադարձություններով: Առաջին ամուսնությունից ծնված նրա դուստրը՝ Նունեն, դաշնակահարուհի է: 1933թ.-ին կոմպոզիտորը նորից ամուսնացավ. նրա կինն ու կյանքի հավատարիմ ընկերը դարձավ Մյասկովսկու ուսանողուհին՝ Նինա Մակարովան: Այս ամուսնությունից ծնվեց Խաչատրյանի որդին՝ Կարենը, որն այժմ հայտնի արվեստագետ է:
Արամ Խաչատրյանը համաշխարհային մեծ ճանաչում վայելող կոմպոզիտոր է. այդ են վկայում նաև նրա բազմաթիվ պարգևները: Նա Հայկական ԽՍՀ իտությունների ակադեմիայի իսկական անդամ էր (1963թ.), իտալական «Սանտա Չեչիլիա» ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս (1960թ.), Մեքսիկայի կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր (1960թ.), ԴՀ-ի Արվեստների ակադեմիայի թղթակից-անդամ (1960թ.), արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր (1965թ.):

Խաչատրյանի անունը կրում են Հայաստանի ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճը, լարային կվարտետը, դաշնակահարների և կոմպոզիտորների ամենամյա մրցույթը։