Բեռնավորել երաժշտություն
Կինոերաժշտություն

Կինոերաժշտություն

«Կինոերաժշտություն գրելը ինձ համար եղել է դժվար, բայց չափազանց հետաքրքիր և շնորհակալ աշխատանք»:
Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյանը գրել է երաժշտություն 25 կինոֆիլմի համար: Նա մեծ հետաքրքրություն է տածել կինոերաժշտության հանդեպ, հատկապես 30-40-ական թվականներին՝ հիանալի իմանալով վերջինիս յուրահատկությունները և հասկանալով ֆիլմի գաղափարի բացահայտման հարցում երաժշտության ունեցած մեծ դերն ու նշանակությունը:
Հայտնի ռեժիսոր Համո Բեկ-Նազարյանի հետ համագործակցության արդյունքում ծնվել է երկու հիանալի ֆիլմերի՝ «Պեպո»-յի (1935թ., ըստ Գաբրիել Սունդուկյանի պիեսի) և պատմա-հեղափոխական «Զանգեզուր»-ի (1938թ.) համար գրված երաժշտությունը: Վերջիններս ազգային առաջին հնչուն ֆիլմերն են:
Չնայած կինոերաժշտության ոլորտում «Պեպո»-ն Խաչատրյանի դեբյուտն էր, այն նշանակալի տեղ զբաղեցրեց հայ կինոյի պատմության մեջ: Անդրկովկասում մեծ ճանաչում գտավ և սեր վայելեց ֆիլմի հիմնական հերոսի՝ Պեպոյի երգը՝ ձեռք բերելով ժողովրդական երգի նշանակություն:
«Զանգեզուր»-ում Խաչատրյանը հանդես եկավ, որպես սիմֆոնիկ կինոերաժշտության վարպետ: Ֆիլմի հայտնի երաժշտական համարներից է «Զանգեզուրյան քայլերգը»: «Զանգեզուր»-ի երաժշտության որոշ սկզբունքներ իրենց զարգացումը ստացան Ջութակի կոնցերտում, «Սպարտակ» բալետում, այլ ֆիլմերի համար գրված երաժշտության մեջ:
«Պեպո» և «Զանգեզուր» ֆիլմերի երաժշտության համար 1938թ.-ին Խաչատրյանը արժանացավ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:
Սակայն, կինոերաժշտության հանդեպ տածած հետաքրքրությունը չի սահմանափակվել ազգային նեղ շրջանակով: 1938թ.-ին նա գրում է երաժշտություն տաջիկական առաջին հնչուն «Այգի» ֆիլմի (ռեժիսոր՝ Ն.Դոստալ), իսկ 1940թ.-ին պատմա-հեղափոխական «Սալավաթ Յուլաև»-ի (ռեժիսոր՝ Վ.Պրոտազանով) համար:
1943թ.-ին կոմպոզիտորին վերջապես հաջողվում է հանդիպել ռեժիսոր Մ.Ռոմմին և աշխատել նրա հետ: Խաչատրյանը գրում է երաժշտություն նրա «Մարդ N217» ֆիլմի համար, որը պատմում է ֆաշիստական տաժանավայրում աշխատող խորհրդային աղջկա մասին: Երաժշտական արտահայտչամիջոցներով կոմպոզիտորն հիանալի կերպով արտահայտում է վրդովմունքը, հուզմունքը, զայրույթը, բողոքը: «Դրամատուրգի և ռեժիսորի հետ միասին ես պարտավոր էի իմ վերաբերմունքն արտահայտել տվյալ իրողության նկատմամբ: Երաժշտությունը հոգեկան մեծ անհանգստություն ու ցասում պետք է հաղորդեր ունկնդրին», ասում էր կոմպոզիտորը:
Որոշ ժամանակ անց Մ.Ռոմմն առաջարկեց Խաչատրյանին երաժշտություն գրել «Ռուսական հարց»-ի համար: Հեղինակի խոստովանմամբ, ամենահետաքրքիր հնարն հերոսի խոսքի փոխարինումն էր երաժշտությունով: «Դերասանի դեմքը հուզված է, բայց մենք լսում ենք ոչ թե նրա խոսքերը, այլ ապրումներն արտահայտող երաժշտությունը: Եվ ես կարծում եմ, բոլոր հանդիսականներն հասկացան, թե ինչի մասին էր խոսում Սմիթն իր կրքոտ ելույթի ժամանակ», - այսպես է հիշում կոմպոզիտորն այն տեսարանի մասին, որտեղ ֆիլմի հերոսը՝ լրագրող Սմիթը, պետք է որոշի, արժե՞ արդյոք գրել Ճշմարտությունը Խորհրդային Միության մասին:
Խաչատրյանի գրչին են պատկանում նաև Ռոմմի վերջին 3 ֆիլմերի համար գրված երաժշտությունը՝ «Գաղտնի միսիա», «Ծովակալ Ուշակով» և «Նավերը գրավում են բաստիոնները»:
Խաչատրյանի համար մեծ նշանակություն ունեցավ համագործակցությունը ռեժիսոր Վ.Պետրովի հետ: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքում ծնվեց «Ստալինգրադյան ճակատամարտ» ֆիլմը: Վերջինիս երկու սերիաներում տրվում են լարված պայքարի տեսարանները, որոնք նկարագրելու համար Խաչատրյանին անհրաժեշտ էր նույնպիսի լարված երաժշտություն՝ զերծ քնարական և երգային տարրերից: Նա հիշում է.
«Ես առաջին անգամ էի առնչվում այդ մեծության նյութի հետ: Մարտ պատկերող երկժամյա երաժշտություն. մինչև հիմա կատարված նմանատիպ աշխատանքներից և ոչ մեկի հետ չի համեմատվի այժմյանը, ինչպես հենց ճակատամարտն ինքն էր մասշտաբով գերազանցում պատմության մեջ մինչև օրս եղած հայտնի մարտերին»:
Կինոերաժշտության մեջ Խաչատրյանին ոչ միշտ էր հաջողվում ի կատար ածել իր սկզբունքները: Եվ դա կախված էր ֆիլմի բեմադրող ռեժիսորից: Հաճախ բավարարված չլինելով՝ կոմպոզիտորն հանդես էր գալիս կինեմատոգրաֆիստներին ուղղված հոդված-բողոքներով, որոնցում իր դժգոհությունն էր արտահայտում երաժշտական նյութի կրճատման, առանց երաժշտության հեղինակի համաձայնությամբ աղմուկի կիրառման կապակցությամբ: Սա խոսում է կինոերաժշտության նկատմամբ Խաչատրյանի տածած վերաբերմունքի և պատասխանատվության մեծ զգացումի մասին:
«Ես շատ եմ սիրում թատրոնն ու կինոն, - խոստովանում էր կոմպոզիտորը, - սիրում եմ գրել՝ իմ առջև ունենալով պիեսի բովանդակությունից ու ռեժիսորի ծրագրից բխող դրամատուրգիական հստակ պլան: Այս աշխատանքին շատ տեղ եմ տալիս, քանի որ տեսարանները, սյուժեն, կինոկադրերը, կենդանի դերասանական կերպարներն օգնում են ինձ երաժշտական մտքերը ձևակերպելու հարցում, կոնկրետացնում են ստեղծագործությունը, հարստացնում ձևը»: