Բեռնավորել երաժշտություն
Սիմֆոնիաներ

Սիմֆոնիաները

Խաչատրյանի առաջին սիմֆոնիան (1934թ.) հայ երաժշտության պատմության մեջ այդ ժանրի առաջին ստեղծագործությունն է: Նրանում դրսևորվեցին կոմպոզիտորի ստեղծագործական կարևորագույն կողմերը՝ կենսահավատությունն ու լավատեսությունը, որոնք արտահայտվում են մոնումենտալ-էպիկական երաժշտական կերպարներում: Սա Խաչատրյանի առաջին ստեղծագործությունն է, որում վառ կերպով դրսևորվում է Խաչատրյան-սիմֆոնիստի տաղանդը:
Ազգային երաժշտության սիմֆոնիզացիայի և, առհասարակ, խաչատրյանական լեզվի ձևավորման գործում կարևոր նշանակություն ունեցավ դասական երաժշտության ուսումնասիրումը: Յուրացնելով ոչ միայն հայ, այլև ռուս և արևմտաեվրոպական դասականների ստեղծագործական սկզբունքները՝ Խաչատրյանը արվեստում գտավ իր սեփական ու ճիշտ ուղին:
Կոմպոզիտորի Առաջին սիմֆոնիան (e-moll, G-dur) եռամաս ստեղծագործություն է, որում բոլոր մասերը միավորված են պարային ռիթմա-ինտոնացիայով: Առաջին մասում տրվում է հիմնական մտքի սպառիչ զարգացում, իսկ երկրորդ և երրորդ մասերը միայն լրացնում են նրան: Արդեն իսկ առաջին մասում ոչ միայն որոշակիորեն դրսևորվում է Խաչատրյանի հակումը դեպի սիմֆոնիզացումը, այլև երևան են գալիս նրա երաժշտական լեզվի հիմնական կողմերը՝ պաթետիկան, ռոմանտիկ անհանգստությունը, երաժշտական կերպարների դրամատիկ զարգացումը: Այս սիմֆոնիայում հանդես են գալիս խաչատրյանական երաժշտությանը բնորոշ իմպրովիզացիոն ոճը և մոնոթեմատիզմը՝ որպես նպատակամետ թեմատիկ զարգացման միջոցներ:
«Ես շատ լավ եմ հիշում այն մեծ ու ուժեղ տպավորությունը, որը իմ վրա թողեց 1936թ.-ին Լենիգրադում դիրիժոր Շդիտրիի ղեկավարած Առաջին սիմֆոնիան, - ասում էր Դ.Դ.Շոստակովիչը։ - Դեռևս սիմֆոնիայի կատարումից առաջ Խաչատրյանը ծանոթացրեց ինձ նրա պարտիտուրի հետ: Ինձ զարմացրեց այդ ստեղծագործության բացառիկ մեղեդային հարստությունը, հիանալի վառ գործիքավորումը, երաժշտական նյութի խորը բովանդակությունը, ընդհանուր տոնական և ուրախ կոլորիտը: Առաջին սիմֆոնիայի երաժշտության մասին կարելի է ասել, որ այն իսկական զմայլանք է կյանքի գեղեցկությամբ ու հաճույքներով: Հիշում եմ, Առաջին սիմֆոնիայի պրեմիերային շատ էին այն երաժիշտները, որոնց համակել էր նույն զգացումն, ինչ ինձ՝ մեծագույն ու տաղանդավոր կոմպոզիտորի երևան գալու ուրախությունը ... »

Երկրորդ սիմֆոնիայում (1943թ.) Խաչատրյանը ճշմարիտ ու պատկերավոր կերպով գովերգում է Հայրենական Մեծ պատերազմի օրերին խորհրդային ժողովրդի ցուցաբերած հերոսությունը, պայքարը, մտքերն ու ապրումները:
«Իմ նոր՝ Երկրորդ սիմֆոնիան, գրական ծրագիր չունի, - գրում է կոմպոզիտորը, - ստեղծելով այն՝ ես աշխատել եմ ընդհանրացված երաժշտական կերպարների միջոցով մարմնավորել այն մտքերն ու զգացումներն, որոնցով այսօր ապրում է մեր ժողովուրդը□:
Մոնումենտալ Երկրորդ սիմֆոնիան հերոսա-հայրենասիրական ժանրի վառ օրինակ է: Համամարդկային աղետի մասին ազդարարող տագնապալի հնչյուններից, լարված պայքարի դրամատիզմից, խորը վշտից ու մարտական կանչից դեպի ֆինալի հաղթական հիմն. այսպես է զարգանում այս սիմֆոնիայի երաժշտությունը, այսպիսին է նրա երաժշտա-դրամատիկ կոնցեպցիան: Եթե պատերազմի տարիներին այն պայքարի էր կանչում հանուն վերջնական հաղթանակի, ապա մեր օրերում սիմֆոնիայի ողբերգականությունը, հիշեցնելով անցած պատերազմի մասին, խաղաղության պահպանման կոչ է անում: Երկրորդ սիմֆոնիան սկսվում է համամարդկային աղետի սկիզբն ազդարարող նախաբանով:
«Նախաբանի զանգերի հարվածներն ընգծում են կատարվածի կարևորությունը, ստիպում են կենտրոնանալ», - գրում է Խաչատրյանը:
Ի պատասխան ահազանգի հնչում են ժողովրդի հառաչանքի թախծոտ ինտոնացիաները: Վերջիններս թափանցում են ողջ ստեղծագործության մեջ՝ առաջ բերելով մոնոթեմատիզմ, որն հսկայական դրամատուրգիական նշանակություն ունի թե՛ Երկրորդ սիմֆոնիայում, թե՛ շատ այլ սիմֆոնիկ ստեղծագործություններում: Նախաբանի թախծոտ ինտոնացիաները նորովի են հնչում ֆինալում՝ միաձուլվելով հանդիսավոր հաղթական հիմնին:
«Ես չէի ցանկանա, որ ունկնդիրները ֆաշիստ չարագործների պատճառած ոչ մարդկային տառապանքների կոնկրետ տեսարաններ փնտրեին այստեղ: Բայց և չեմ կարող չխոստովանել, որ Andante-ն (III մասը) գրելիս աչքիս առջև գերմանական վայրագության ողբերգության տեսարաններն էին»:
Երկրորդ սիմֆոնիայի մասին հիցմունքով է գրում ռումինացի հայտնի դիրիժոր Ջորջե Ջորջեսկուն.
«Արամ Խաչատրյանի արվեստին ես ծանոթացել եմ մեր հանդիպումից շատ առաջ: Մի անգամ ամռանը, մեկնելով Սև ծովի առողջարան, ես հետս վերցրի Երկրորդ սիմֆոնիայի պարտիտուրը: Առաջին իսկ ծանոթությունից ինձ արտասովոր կերպով զարմացրեց նրա բովանդակության շքեղությունը, մեղեդիների հարստությունը, անկեղծությունը: Շուտով ես ցանկացա ինչպես հարկն է ուսումնասիրել սիմֆոնիան և կատարել այն: Անհամբերությամբ սպասեցի համերգաշրջանի սկզբին: Աշնանը, Բուխարեստ վերադառնալուն պես, նվագախմբի հետ սկսեցի աշխատել Երկրորդ սիմֆոնիայի վրա, և շատ չանցած այն ներգրավվեց մեր 4 համերգների մեջ, որոնք հսկայական հաջողություն ունեցան: Այլ կերպ չէր էլ կարող լինել այդպիսի վեհասքանչ ստեղծագործության հետ, որում հաջող կերպով զուգակցվում են ազգային արվեստից բխող կոլորիտն ու պոեզիան և ձևի դասական հստակությունը: Համակցումն ինքնօրինակ է, թարմ: Այս ստեղծագործությունը լի է խորը դրամատիզմով և բազմազան հնչողությամբ: Սիմֆոնիայում, կարծեք, տրվում են մարդկանց սրտերում մոլեգնող բոլոր զգացմունքները: Նրա հնչյունների մեջ ցասումն է և վրդովմունքը, թախիծն ու լիրիկան՝ մտորմիկ և, միևնույն ժամանակ, վսեմ: Եվ զգացմունքների այդ ողջ բույլքին փոխարինում է տոնական տրամադրությունը՝ ավետելով կյանքի ուրախության բերկրանքը:
Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան ամուր կերպով մտավ Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագացանկի մեջ: Այն նաև զգալի չափով նպաստեց մեր հյուրախաղերի հաջողությանը արտասահմանում՝ Մոսկվայում, Կիևում, Լենինգրադում, Վարշավայում, Պրագայում: Ես բախտ եմ ունեցել ղեկավարել այն Հռոմում, Բելգրադում, Լայպցիգում, ինչպես նաև Բուխարեստում Ջորջե Էնեսկուի անվան առաջին միջազգային փառատոնին (1958թ.)»:
Երաժշտաքննադատ Գ.Խուբովը այս ստեղծագործությունն անվանել է «Զանգով սիմֆոնիա»։ 1946թ.-ին Երկրորդ սիմֆոնիայի համար կոմպոզիտորն արժանացել է Ստալինյան մրցանակի։
Հոկտեմբերյան հեղափոխության 30-ամյակի առթիվ Խաչատրյանը ստեղծեց իր մոնումենտալ «Սիմֆոնիա-պոեմը»՝ գրված փողային գործիքների եռակի կազմով մեծ սիմֆոնիկ նվագախմբի, 15 մենակատար շեփորների և երգեհոնի համար։ Նվագախմբի մեծացված կազմն առաջ բերեց գերհզոր հնչողություն։ Սիմֆոնիա-պոեմը միամաս ստեղծագործություն է, որի հիմքում ընկած է 2 թեմա. վերջիններս էլ հենց խթան են հանդիսանում սիմֆոնիայի հետագա զարգացման համար։
Սիմֆոնիա-պոեմի ուղին փոքր-ինչ փշոտ էր։ 1948թ.-ի հունվարին խորհրդային երաժշտության գործիչների խորհրդակցության ժամանակ կառավարության կողմից այն խիստ քննադատության ենթարկվեց. պատճառներից մեկը պարտիտուրում 15 շեփորների և երգեհոնի օգտագործումն էր։ Արդյունքում, Մյասկովսկու, Պրոկոֆևի, Շոստակովիչի նման, Խաչատրյանը «ֆորմալիստ» համարվեց։ Թե՛ որպես կոմպոզիտոր, թե՛ որպես մարդ, նա պատրաստ չէր նման կշտամբանքի։
«Ինչպե՜ս էինք բոլոր սպասում մեր սահմանադիր համագումարին։ Եվ հենց այստեղ, հենց այս ժամանակ անիրավացիորեն ու անարդարացիորեն հարվածեցին իմ գլխին... Ես ճնշված էի, ոչնչացված։ Լրջորեն մտածում էի մասնագիտությունս փոխելու մասին...», - տարիներ անց ասում էր Խաչատրյանը։
Հետագայում կոմպոզիտորը Սիմֆոնիա-պոեմն անվանեց Երրորդ սիմֆոնիա։ Այն առաջին անգամ կատարվեց 1947թ.-ին Լենինգրադում, Ե.Մրավինսկու ղեկավարությամբ, իսկ ժամանակի ընթացքում իր արժանվույն տեղը զբաղեցրեց համաշխարհային երաժշտական մշակույթի լավագույն նմուշների շարքում։