Բեռնավորել երաժշտություն
Կոնցերտներ

Կոնցերտները

«Ակնհայտ է, որ իմ ստեղծագրծական անհատականությանը բնորոշ է ձգտումը դեպի «կոնցերտայնությունն» ու վառ վիրտուոզային ոճը: Իմ հոգուն մոտ է այնպիսի ստեղծագործության ստեղծումը, որում գերիշխում է մենակատար-վիրտուոզի և սիմֆոնիկ նվագախմբի միջև ազատ մրցակցությունը»:
Արամ Խաչատրյան

Ա. Խաչատրյանի 3 կոնցերտները՝ դաշնամուրի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի, թավջութակի և նվագախմբի համար, կարևոր տեղ են զբաղեցնում կոնցերտային գրականության մեջ:
Դրանցից երկուսը՝ Ջութակի և Դաշնամուրի կոնցերտները, մեծ նշանակություն ունեցան XX դարում այդ ժանրի զարգացման գործում՝ օրինակ հանդիսանալով շատ կոմպոզիտորների համար: Չնայած 1968թ.-ին գրված և Կնուշևիցկուն նվիրված Թավջութակի կոնցերտի դերն ավելի համեստ է երաժշտության պատմության մեջ, այնուհանդերձ այն կարևոր լրացում է հանդիսանում՝ նպաստելով Խաչատրյան-սիմֆոնիստի մասին անբողջական տպավորություն ստեղծմանը:

Դաշնամուրային կոնցերտը

Դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտը ստեղծվել է 1936 թվականին և առաջին անգամ կատարվել 1937-ի հուլիսի 12-ին Մոսկվայում՝ Սոկոլնիկիում: Մենակատարը՝ հայտնի դաշնակահար Լև Օբորինն էր, որին ընկերակցում էր Լ.Շտեյնբերգի ղեկավարած նվագախումբը: Հիրավի խորհրդային երաժշտության պատմության մեջ դա նշանակալից երևույթ էր: Քննադատները գրում էին կոնցերտի հաղթական երթի մասին. այն ձեռք բերեց «դաշնամուրային արվեստի իսկական Հաղթանակի» նշանակություն՝ դառնալով աշխարհի բեմերի «ամենառեպերտուարային» ստեղծագործություններից մեկը:
Հիմնվելով Լիստի, Չայկովսկու, Ռախմանինովի, Ռավելի, Պրոկոֆևի կոնցերտային ոճի ավանդույթների վրա՝ կոմպոզիտորը նոր ուղիներ բացեց այդ ժանրի զարգացման, ձևի մեկնաբանման, կոմպոզիցիոն կառուցվածքի, թեմատիզմի ասպարեզում:
«Ի դեպ, - հիշում է Խաչատրյանը, - երբ իմ Դաշնամուրային կոնցերտը դեռ ստեղծման պրոցեսում էր, այն լսեց Սերգեյ Պրոկոֆևվը, և II մասի համեստ ֆակտուրան առաջ բերեց նրա կատակային դիտողությունը. «Իսկ այստեղ, ի՞նչ է, դաշնակահարը պետք է ճանճ որսա»:
Կոնցերտն համակված է արտահայտիչ և գեղեցիկ բազմազան բնույթի երաժշտական թեմաներով, որոնք խորին արմատներով կապված են Արևելքի ժողովրդական երաժշտության տարբեր շերտերի հետ: Առնական ու քնարական, մտախոհ ու կատակային, երգային ու պարային, նուրբ ու կրակոտ թեմաները երաժշտությանը հաղորդում են կենսական պատկերավորություն, ազգային երանգ, խաչատրյանական ոճի անկրկնելի գծեր:
Կոնցերտը նվիրված է առաջին կատարողին՝ Լև Օբորինին: Ահա թե ինչ է հիշում այդ մասին ինքը՝ դաշնակահարը.
«Մեր ստեղծագործական համագործակցությունը սկսվեց կոնցերտի կատարումից հետո: Հեղինակն ինձ նվիրեց այդ ստեղծագործությունը, ինչը երախտապարտությամբ համարում եմ կոնցերտի՝ իմ առաջին կատարման գնահատական: Դաշնամուրային կոնցերտը Խաչատրյանի լավագույն ստեղծագործություններից է: Այն արագորեն շրջեց մեր երկրի բեմերը և նույնպիսի արագությամբ ճանաչում ստացավ արտասահմանում: Ըստ իս, դժվար է գտնել խոշոր դաշնակահար, որի երկացանկում ներգրավված չլինի այս ստեղծագործությունը: Այն սիրում են թե՛ մեծ սերնդի կատարողները, թե՛ երիտասարդությունը:
Ինչո՞վ է գրավում ինձ այդ երաժշտությունը: Երևի նրանով, ինչը բնորոշ է Խաչատրյանի բոլոր ստեղծագործություններին՝ հզոր տեմպերամենտով, յուրօրինակությամբ, մենակատար գործիքի և նվագախմբի վառ վիրտուոզությամբ: Ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ Խաչատրյանի Դաշնամուրային կոնցերտը այդ ժանրի եզակի ժամանակակից ստեղծագործություններից է, որն արդարև, ոչ թե պարզապես պիես է դաշնամուրի և նվագախմբի համար, այլ կոնցերտ: Նրանում առկա է մասշտաբայնություն, կա վառ, սուր հակադրություն և մրցակցություն մենակատարի և կոլեկտիվի միջև... »:

Ջութակի կոնցերտը

Խաչատրյանը երբեք չի թաքցրել ջութակի հանդեպ տածած իր հատուկ վերաբերմունքը: Բավական է հիշել, կոմպոզիտորի ստեղծագործությունների լավագույն թեմաներն, հիմնականում, ասոցիացիայով կապվում են ջութակի, իսկ երբեմն էլ, թավջութակի հետ:
1940թ.-ի ամռանը Մերձմոսկովյան Կոմպոզիտորների միության տանը («Ռուզա»), շրջապատված հրաշալի ռուսական բնությամբ, 2,5 ամսվա ընթացքում Խաչատրյանը ստեղծեց իր լավագույն գործերից մեկը՝ Ջութակի կոնցերտը:
«Ես այն մեծ ոգևորությամբ էի գրում: Երաժշտական մտքերն համակում էին ինձ՝ արագացնելով նոտային թղթի վրա դրանց գրանցման տեմպերը», - հիշում էր կոմպոզիտորը:
Ջութակի կոնցերտը արտաքուստ չի զարմացնում նորարարությամբ: Ստեղծագործության էմոցիոնալ ներգործության ողջ ուժը կենտրոնացված է թեմատիզմի, հարուստ և արտահայտիչ մեղեդային գծի մեջ:
Նույն թվականի աշնանը՝ սեպտեմբերի 16-ին, խորհրդային երաժշտության տասնօրյակի օրերին կոնցերտն հնչեց Մոսկվայում: Այն կատարում էր դեռևս երիտասարդ, բայց արդեն համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար Դավիդ Օյստրախը (նրան էլ նվիրված է կոնցերտը):
«Ես երբեք չեմ մոռանա Պ.Ի.Չայկովսկու անվան նորակառույց դահլիճում կայացած տոնական երեկոն, որտեղ տեղի ունեցավ պրեմիերան, - հիշում է ջութակահարը։ - Ունկնդիրների շարքում էին Պրոկոֆևվը, Շուստակովիչը, Մյասկովսկին...
Լավ եմ հիշում 1940 թվականի ամառային այն օրը, երբ Ա.Խաչատրյանը եկավ մեզ մոտ՝ ամառանոց: Նա այնքան տարված էր իր նոր ստեղծագործությամբ, որ անմիջապես ուղղվեց դեպի դաշնամուրը: Նվագելով իրեն հատուկ խանդավառությամբ և ոգևորությամբ՝ նա հիացրեց բոլորիս: Անկեղծ, ինքնատիպ, մեղեդային գեղեցկությամբ, ժողովրդական կոլորիտով լեցուն երաժշտությունն, ասես, կայծկլտում էր: Այս բոլոր հատկանիշները, որոնցով մինչ օրս ունկնդիրներին հաճույք է պատճառում կոնցերտը, այն ժամանակ անջնջելի տպավորություն թողեցին: Պարզ էր, որ ծնվել էր նոր, վառ ստեղծագործություն, որին մեծ կյանք էր սպասվում համերգային բեմահարթակներում:
Իմ ջութակին բախտ է վիճակվել այդ կյանքի սկիզբը դնել: Շուտով հեղինակից ստացա կոնցերտի օրինակն ու սկսեցի պարապել: Պրեմիերան կայացավ 1940թ.-ին Մոսկվայում, Չայկովսկու անվան դահլիճում: Դիրիժորը Ա.Վ.Գաուկն էր. իրեն հատուկ խանդավառությամբ ու անմիջականությամբ այդ մեծ երաժիշտը մեկնաբանում էր Խաչատրյանի երաժշտությունը:
Կոնցերտը բարձր գնահատեցին նաև երաժշտության երկրպագուները: Կարճ ժամանակահատվածում այն կատարվեց 2 անգամ՝ բոլորին գերելով Խաչատրյանի ստեղծագործություններին բնորոշ տոնական տրամադրությամբ, կենսական ուժով: Վստահորեն կարելի է ասել, որ ոչ ոք անտարբեր չէր այդ ստեղծագործության նկատմամբ: Պատերազմի տարիներին Խաչատրյանի Ջութակի կոնցերտն արդեն լայն ճանաչում ուներ և հաճախ էր հնչում ռադիոյով՝ իր լուսավոր տրամադրությամբ, կենսական էներգիայով օգնելով հաղթահարել անհաջողությունները, հավատ սերմանելով ապագայի և հաղթանակի հանդեպ ...»:
Ունկնդիրների վրա վիթխարի տպավորություն գործեց Խաչատրյանի կոնցերտի օյստրախյան մեկնաբանումը՝ բառացիորեն «տեղում» գերելով լսարանին: Պրեմիերայի օրն էլ, հենց, որոշվեց Ջութակի կոնցերտի ճակատագիրը: Նրա համբավն աճում էր ֆենոմենալ արագությամբ, օրեցօր: Շուտով այն համաշխարհային ճանաչում ձեռք բերեց: Այսօր, իր հաղթական ուղին շարունակելով արտասահմանյան բեմահարթակներում, այդ ստեղծագործությունը համարվում է աշխարհի լավագույն ջութակահարների երկացանկի անբաժանելի մասը: Շատ երկրներում թողարկվել են Ջութակի կոնցերտի բազմաթիվ ձայնասկավառակներ:

Թավջութակի կոնցերտը

Թավջութակի կոնցերտ ստեղծելու գաղափարը Ա.Խաչատրյանի մոտ հղացել է դեռևս երաժշտական ուսումնարանում ուսանելու տարիներին՝ թավջութակի պարապմունքների ժամանակ:
Սակայն կոմպոզիտորին այդ երազանքն իրականացնել հաջողվեց միայն 20 տարի անց, երբ նա արդեն Ջութակի և Դաշնամուրի հանրահայտ կոնցերտների հեղինակ էր:
Թավջութակի և նվագախմբի կոնցերտը գրվել է 1946թ.-ին և նվիրված է նրա առաջին կատարողին՝ Սվյատոսլավ Կնուշևիցկուն: Կոնցերտի պրեմիերան կայացավ նույն թվականի աշնանը կոնսերվատորիայի Մեծ դահլիճում: Չնայած Կնուշևիցկին վարպետորեն ու մեծ արտիստիզմով կատարեց այն, այդուամենայնիվ ստեղծագործությունից ստացած տպավորությունն այնքան էլ ամբողջական չէր: Օժտված լինելով արտահայտիչ թեմատիզմով, վառ սիմֆոնիկ զարգացման տարրերով, հարմոնիկ գույների հարստությամբ՝ ցավոք, ունկնդիրների կողմից կոնցերտն ըստ արժանվույն չգնահատվեց:
Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը ժողովրդական ոգով համակված քնարական պոեմ է: Թեմա-մեղեդիների ինտոնացիոն-ռիթմիկ զարգացման ընթացքում աշուղների և սազանդարների արվեստի տարրերի հայտնվելը երաժշտությանը հաղորդում է ազգային կոլորիտի անկրկնելի գեղեցկություն:
Անշուշտ, Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը կոմպոզիցիոն առումով ինչ-որ չափով մոտ է ավելի վաղ ստեղծված Դաշնամուրային և, հատկապես, Ջութակի կոնցերտներին: Այս ոճական առանձնահատկություններով այն հարում է այնպիսի սիմֆոնիկ ստեղծագործությունների, ինչպիսիք են «Գայանե» բալետն ու «Զանգով սիմֆոնիան»:
Թավջութակի կոնցերտն, ընդհանուր առմամբ, համապատասխանում է այդ ժանրի պահանջներին: Այդուհանդերձ, երաժշտագետների կարծիքով, ստեղծագործության որոշ էպիզոդներում կոմպոզիտորն ուշադրությունը կենտրոնացրել է արտաքին վիրտուոզության վրա՝ փոքր-ինչ ծանրացնելով մենակատարային պարտիան:
Կոնցերտի արժեքավոր կողմերից են հարուստ մեղեդայնությունը, կենսահաստատ քնարականությունը: Այս ստեղծագործության կատարողներից են տաղանդավոր թավջութակահարներ Դանիել Շաֆրանը, Կարինե Գեորգիանը ...