Բեռնավորել երաժշտություն
Բալետներ

Բալետները

«Բալետը ես մեծ արվեստ եմ համարում: Նրանում կարելի է արտահայտել մարդու կյանքի ողջ բազմազանությունը, նրա հոգեկան ապրումների հարստությունը: Բալետը սեր է առաջացնում գեղեցիկի նկատմամբ, և նրա երաժշտությունը պետք է բարձրագույն որակ ունենա ու տեսանելիորեն պատմի բեմում կատարվող իրադարձությունների մասին»:
Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյանը համաշխարհային ճանաչում ունեցող «Գայանե» և «Սպարտակ» բալետների հեղինակն է: Դրանց ստեղծումը ոչ միայն նպաստեց հայ ազգային բալետի զարգացմանը, այլև զգալիորեն հարստացրեց համաշխարհային երաժշտա-դրամատիկ արվեստի գանձարանը: «Գայանե»-ի և «Սպարտակ»-ի թեմաներն ու մեղեդիներն աչքի են ընկնում արտակարգ թարմությամբ, ցայտունությամբ, կենսունակությամբ՝ անմիջականորեն գերելով երաժշտասերերի սրտերը ու հոգիները: Պատահական չէ, որ մեր ժամանակի ամենահանրածանոթ երաժշտական ստեղծագործությունների ցուցակում «Գայանե»-ից «Սուսերով պարը» առաջնային տեղերից մեկն է զբաղեցնում:
Ահա թե ինչ է ասում այդ առիթով ինքը՝ հեղինակը.
«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործություններին, ապա երբեք այն չէի գրի: Արտասահմանում ինձ գովազդում են որպես «պարոն Սեյբրդանս» (անգլերեն sabre՝ սուսեր և dance՝ պար բառերից): Դա, նույնիսկ, բարկացնում է ինձ: Ես այն անարդարացի եմ համարում ...»

«Գայանե»

«Սպարտակ»