Բեռնավորել երաժշտություն

«Սպարտակ»

«Ձեռնամուխ եմ լինում ստեղծագործական մեծ հուզմունքի Զգացումով», - 1950թ.-ի հուլիսի 9-ին այդպես է գրել Խաչատրյանը «Սպարտակ» բալետի պարտիտուրի առաջին էջին:
Վերջին էջում կարդում ենք. «Երեք ու կես տարի տևեց «Սպարտակ»-ի վրա աշխատանքը: Գրում էի հիմնականում ամռանը: Ընդհանուր վերցված «Սպարտակ»-ը 8 ամսվա ընթացքում է գրվել: Վերջացրել եմ 1954թ.-ի փետրվարի 22-ին: Ողջ երաժշտությունը գրվել է Հին Ռուզայում՝ կոմպոզիտորների տանը: Արամ Խաչատրյան»:
Իսկ ինչպե՞ս ծնվեց անտիկ սյուժեով բալետ գրելու գաղափարը: Մտահղացումն հայտնի թատերագետ Ն.Վոլկովինն էր: Նա, որ մի շարք բալետների, այդ թվում Բ.Ասաֆևի «Բախչիսարայի Շատրվան» և Ս.Պրոկոֆևի «Մոխրոտիկ» լիբրետոյի հեղինակն է, 1933թ.-ին հետաքրքրվեց «Սպարտակ»-ով: Ստեղծագործելով իր 50-ամյակի սահմանագծին՝ Արամ Խաչատրյանը արդեն հասուն, կայացած արվեստագետ էր ու բազմաթիվ հիանալի ստեղծագործությունների հեղինակ, իսկ Վոլկովի լիբրետոն ոգեշնչում էր կոմպոզիտորին՝ բարերար նյութ հանդիսանալով ստեղծագործության համար: Սկզբից ևեթ Վոլկովն հրաժարվեց մելոդրամից՝ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով հերոսականության հանդեպ: Որպես բալետի ֆաբուլայի հիմք նա չընդունեց Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ»-ը և, մեծ տեղ հատկացնելով անտիկ պատմաբանների երկերի ընթերցմանը՝ հիմնվեց Ապպիանի և Պլուտարքոսի վրա:
«Սպարտակ»-ի ստեղծմանը յուրահատուկ ձևով է նախապատրաստվում նաև Արամ Խաչատրյանը: Նա մեկնեց Իտալիա՝ ուսումնասիրելու անտիկ նկարներն ու քանդակները, տեսնելու ստրուկների ձեռքերով կերտված հին հռոմեական կառույցներն ու հաղթակամարները, գլադիատորների զորանոցները, Կոլիզեումը, եղավ այն վայրերում, որտեղով երբևիցե անցել է Սպարտակն իր զինակիցների հետ: Եվ չնայած ավելի քան 2000 տարվա պատմությանը, Սպարտակի ապստամբության թեման կոմպոզիտորին շատ արդիական թվաց:
Այսպիսով, իր իսկ խոստովանմամբ, Խաչատրյանը երեք ու կես տարի պատրաստվում էր «Սպարտակ»-ի ստեղծմանը: Բալետն հորինելիս նա շատ դժվարությունների հանդիպեց. չէ՞ որ Սպարտակի ժամանակի ֆոլկլորային նմուշների և երաժշտական փաստաթղթերի բացակայության պատճառով կոմպոզիտորը դրանցից օգտվելու հնարավորություն չուներ: Ի դեպ, նա չէր էլ փորձում նմանակել այդ ժամանակաշրջանի երաժշտությանը:
«Սպարտակ»-ի երաժշտությունը գրելիս կոմպոզիտորն օգտվում էր այն մեթոդներից, որոնցից օգտվել են նաև նրա նախորդները պատմական թեմաներին դիմելիս: Պատմելով անցյալի մասին՝ Խաչատրյանը հմտորեն պահպանում է իր ձեռագիրն ու գրելաոճը:
Բալետը գրված է ժամանակակից լեզվով, երաժշտա-թատերական ժանրի խնդիրների ժամանակակից ըմբռնումով: Ստեղծագործության հիմնական գործող անձիք հատուկ, կրկնվող երաժշտական թեմաների միջոցով են նկարագրված: Բացի անհատական բնութագրություններից կան նաև ընդհանուր ժողովրդական բնութագրեր. չէ՞ որ ներկայացման գլխավոր ու առաջատար հերոսը հենց ժողովուրդն է: Այդպիսիք են Հռոմի հալածված ստրուկների թեմաները:
Բալետի սուր կոնֆլիկտային դրամատուրգիայում միմյանց են հակադրվում երկու ոլորտներ, երկու աշխարհ. մարտական ու ճոխ Հռոմը՝ Կրասսոսի և նրա սիրուհու՝ պարուհի Էգինայի գլխավորությամբ, և Սպարտակի կողմից առաջնորդված ճնշված ստրուկներն ու գլադիատորները:
Մոտ երեք ժամ տևող բալետում կոմպոզիտորն երկու անգամ երգչախումբ է մտցնում, որոնք դրամատուրգիական առումով տարբեր ֆունկցիաներ ունեն: Գլադիատորների կռվի ժամանակ երգչախումբը նկարագրում է հուզված ականատեսների վերաբերմունքը, իսկ ֆինալում այն ներդաշնակ կերպով լրացնում է տխուր երաժշտությունը՝ վերջինիս հաղորդելով ջերմություն և անկեղծություն:
«Սպարտակ»-ի պրեմիերան կայացավ Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնում 1956թ.-ի դեկտեմբերի 27-ին (բալետմեյստեր՝ Լ.Յակոբսոն, դիրիժոր՝ Պ.Ֆելդտ):
1958թ.-ի մարտի 12-ին նշանավոր բալետմեյստեր Իգոր Մոիսեևի նախաձեռնությամբ «Սպարտակ»-ը բեմադրվեց Մոսկվայի Մեծ թատրոնում (դիրիժոր՝ Յու.Ֆայեր): Այն ապշեցրեց իր հզորությամբ և հանդիսավորությամբ: Հատկապես, տպավորիչ էին մասսայական տեսարանները, որոնցում իր մասնակցությունն էր ցուցաբերում Մեծ թատրոնի գրեթե ողջ բալետային խումբը:
1968թ.-ին Մեծ թատրոնում կայացավ «Սպարտակ»-ի երրորդ բեմադրությունը, որն իրականացրեց Յու.Գրիգորովիչը: Նրա բնորոշմամբ, դա «ներկայացում է չորս մենակատարի և կորդեբալետի համար»: Այս անգամ խաչատրյանական պարտիտուրը հնչեց նորովի՝ թարմ ու ժամանակակից: «Եթե պետք է մեկ բառով արտահայտել նոր «Սպարտակ»-ի նշանակությունը, ապա ես ընտրում եմ «այժմեական» բառը», - գրում է խորհրդային հայտնի պարուհի Գալինա Ուլանովան: Դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ Խաչատրյանի երաժշտությունը ձեռք բերեց նոր ուժ և խորը ողբերգական հնչողություն:
Պատահական չէ, որ «Սպարտակ»-ի հենց երրորդ՝ մոսկովյան բեմադրությունը, ստիպեց նորովի մոտենալ Խաչատրյանի արվեստին ու նորովի լսել նրա ստեղծագործությունները:
«Սպարտակ»-ի համար Խաչատրյանը արժանացել է Լենինյան մրցանակի: