Բեռնավորել երաժշտություն

«Դիմակահանդես»

«Ես ապրում էի այդ դրամայով, երաժշտությունը սրտի թրթիռով էի գրում: Իսկ թե ինչպես այն ծնունդ առավ, բառերով դժվար է արտահայտել...», - «Դիմակահանդես»-ի վրա տարվող աշխատանքներից ստացված իր տպավորությունները հետագայում այսպես էր ներկայացնում Խաչատրյանը:
1941թ.-ին նա ստեղծեց երաժշտություն Լերմոնտովի «Դիմակահանդես»-ի համար, որը նրա նախորդ ստեղծագործություններից տարբերվում էր թե՛ ժամանակաշրջանով, թե՛ գեղարվեստա-գաղափարական կոնցեպցիայով, թե՛ ոճով... Ստեղծագործության մեջ կոմպոզիտորը զարմացնում է միջավայրի և ժամանակի նուրբ զգացողությամբ, դրամատուրգիական կոնֆլիկտի ճիշտ ըմբռնմամբ և անհատական բնութագրեր ստեղծելու փայլուն ունակությամբ: Լերմոնտովի արվեստի գիտակներից մեկը՝ Իրակլի Անդրոնիկովը, այսպես է արտահայտվել խաչատրյանական երաժշտության մասին. «Լերմոնտովի ռոմանտիկական դրամային բնույթով այսքան համապատասխան երաժշտություն, թերևս, դժվար է պատկերացնել: Եթե Ձեզ ասեն, որ այն գրված է Պուշկինի երկերից մեկի համար, Դուք չեք հավատա: Սա Լերմոնտովն է, նրա հաղթական ու գեղեցիկ թախիծն է, նրա տրամադրության, մտքի հաղթանակը...»:
«Անցնելով աշխատանքի, - հիշում է Խաչատրյանը, - ես շատ էի անհանգստանում, գիտակցում էի, որ երաժշտություն եմ գրում ռուսական դասական պիեսի համար, Ռուսաստանի մայրաքաղաքում, Գլազունովից հետո: Ի դեպ, որքանով տեղեկացված եմ, «Դիմակահանդես»-ի համար Գլազունովը վալս չի գրել, այլ դրա փոխարեն օգտագործել է Գլինկայի «Վալս-Ֆանտազիան»... Մի խոսքով ես զգում էի, թե որքան մեծ է պատասխանատվությունը: Ինձ շատ օգնեց Նիկոլայ Յակովլևիչ Մյասկովսկին... Նա մինչգլինկյան ժամանակաշրջանի երաժշտության ինչ-որ հազվագյուտ ժողովածու տվեց ինձ: Վերջինիս շնորհիվ ես կարողացա ներթափանցել դարաշրջանի երաժշտական մթնոլորտի մեջ: Եվ իհարկե, խորամուխ եղա Լերմոնտովի արվեստի մեջ, որն արտասովոր կերպով մոտ էր ինձ...»:
Ներկայացումների երաժշտության հիման վրա ստեղծված խաչատրյանական սիմֆոնիկ սյուիտների պարտիտուրները մինչ օրս հնչում են համերգների ժամանակ:
«Կիրառական երաժշտությունը, - ասում էր Խաչատրյանը, - պետք է վերաշարադրել. սիմֆոնիկ էստրադան իր օրենքներն ունի: Ես պարտքի տակ եմ զգում ինձ, քանի որ իմ «շեքսպիրիանան» անշարժ մնաց և թատրոնից ու կինոյից դուրս կյանք չունի... Մի բան, անկասկած, հայտնի է ինձ. իր բոլոր առանձնահատկություններով հանդերձ, թատրոնի ու կինոյի երաժշտությունն այնպես պետք է գրված լինի, որ կարողանա նաև սիմֆոնիկ էստրադայում հնչել, որ լինեն ոչ թե փշրանքներ, երաժշտական փոքր նկարներ, այլ մի ամբողջություն՝ միավորված մեկ գաղափարով»: