Խաչատրյանը՝ որպես դիրիժոր

«Ինձ համար դիրիժորության մեծ ձգողական ուժով օժտված լինելը պայմանավորված է մի քանի գործոնով։ Նախ և առաջ, կատարողական արվեստն ինձ միշտ գրավել է՝ սկսած պատանեկան տարիներից։ Երկրորդը, ի՞նչը կարող է ավելի գրավիչ լինել, քան սեփական ստեղծագործությունները «հնչյունավորելու» հնարավորությունն այնպիսի հիանալի գործիքով, ինչպիսին նվագախումբն է։ Եվ վերջապես, դա մեծ լսարանի հետ հաղորդակցվելու ևս մի միջոց է»։
Արամ Խաչատրյան

Խաչատրյանը միշտ երազում էր կատարել իր նվագախմբային ստեղծագործությունները՝ փորձեր անելով դրամատիկ թատրոնի ոչ մեծ նվագախմբերի հետ, որոնց համար երաժշտություն էր գրում։ 1950 թվականին, վերջապես, ի կատար ածվեց նրա վաղեմի երազանքը. կոմպոզիտորը կանգնեց դիրիժորական վահանակի առջև՝ սեփական ստեղծագործությունները հնչեցնելով տարբեր երկրների համերգային դահլիճներում։
Իսկ ամեն ինչ սկսվեց գարնանային մի օր՝ մի զանգից։
Խաչատրյանին զանգահարեցին և ասացին, որ ակադեմիկոս Վավիլովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ համերգ է կազմակերպվում, որտեղ որպես դիրիժոր պետք է հանդես գա ինքը՝ կոմպոզիտորը։ Ծրագրում ընդգրկված էին նրա Ջութակի կոնցերտի ֆինալը (մենակատար՝ Լեոնիդ Կոգան) և հատվածներ «Գայանե» բալետից։
Նման առաջարկն անչափ անսպասելի էր։ Կոմպոզիտորի խոստովանությամբ, նա ողջ օրն հուզվում էր. այդուհանդերձ համերգն անցավ մեծ հաջողությամբ։
«Հենց այդ գարնանային օրվանից ես «թունավորվեցի» դիրիժորությամբ», – հիշում էր Խաչատրյանը։
Կոմպոզիտորի դիրիժորական գործունեության սահմանները տարեցտարի ընդլայնվում էին։ Նրա դեբյուտը կայացավ 1950ի փետրվարի 10ին, իսկ նույն թվականի ամռանը Խաչատրյանին սպասում էր պայմանագիր, ըստ որի նա պետք է 15 համերգ ղեկավարեր ԽՍՀՄի տարբեր քաղաքներում։
Ելույթ ունենալով Խորհրդային Միության խոշորագույն քաղաքներում՝ Խաչատրյանը ձգտում էր նաև համերգներով հանդես գալ այնտեղ, որտեղ իր խոսքերով ասած «դեռ ոտք չէր դրել սիմֆոնիկ նվագախումբը»: Երաժշտական հաստատությունների ուսուցիչների և ուսանողների, ինքնագործ արտիստների, ինչպես նաև հասարակ աշխատավորների հետ կանոնավոր հանդիպումները կոմպոզիտորի համերգային ուղևորություններին ոչ թե հյուրախաղային, այլ հաճախ պրոպագանդիստական բնույթ էին հաղորդում:
Խաչատրյանի դիրիժորական ելույթների առաջին իսկ գրախոսականներում նշվում էր նրա ձեռքերի արտահայտիչ պլաստիկայի, ռիթմի ներքին հրաշալի զգացողության և ամբողջական ձևի ստեղծման ունակության մասին:
Շուտով տեղի ունեցավ և առաջին արտասահմանյան դեբյուտը: 1950թ.-ին գտնվելով Հռոմում, կոմպոզիտորն ընդունեց տեղական ռադիոյի ղեկավարության առաջարկը՝ ելույթ ունենալ իրենց նվագախմբով: □Իտալական քննադատությունն ինձ ջերմ ընդունեց՝ անվանելով, հավանաբար անտեղյակ լինելով, □փորձառու մաեստրո□, - հիշում էր Արամ Իլյիչը, - Այս խիստ հաճելի մականունն ինձ համարձակություն հաղորդեց, և այդ ժամանակից ի վեր սկսեցի արտասահմանյան ուղևորություններն համատեղել հեղինակային համերգների հետ□:
Նվագախմբի հետ համագործակցելիս ի հայտ եկան Ա.Խաչատրյանի բնածին արտիստիզմը, տաղանդը, վառ կատարողական օժտվածությունը, ստեղծագործական մեծ կամքը, ապշեցուցիչ աշխատունակությունն ու ամուր պրոֆեսիոնալիզմը:
«Նրա ղեկավարությամբ նվագելը հարմար էր: Նա կարողանում էր ոգևորել նվագախմբի արտիստներին ու մենակատարներին. միշտ գիտեր, թե ինչ է ուզում: Նրա դիրիժորական տաղանդն անխափան ազդեցություն էր թողնում ունկնդիրների վրա», - Խաչատրյան-դիրիժորի մասին այսպես է հիշում հայտնի ջութակահար Վիկտոր Պիկայզենը:
Հյուրախաղերն համապատասխանում էին Խաչատրյանի տեմպերամենտին՝ մարդկանց հետ շփվելու տենչանքով համակված դինամիկ խառնվածքին: Մի առիթով, զրույցի ժամանակ նա նշել է, թե օվկիանոսից այն կողմ նոր ընկերներ է ձեռք բերել: Ա.Խաչատրյանին կյանքն անսահման հետաքրքիր հանդիպումներ էր պարգևել. բավական է նշել Բելգիայի թագուհի Ելիզավետայի և Հռոմի պապ Իոհան XXIII-ի, Յան Սիբելիուսի, Արտուրո Բենեդետտի Միքելանջելիի, Էռնեստ Անսերմեի և Նադյա Բուլանժեի, Չարլի Չապլինի, Էռնեստ Հեմինգուեյի անունները...
Պրագա, Վարշավա, Բեռլին, Սոֆիա, Բուդապեշտ, Բուխարեստ, Փարիզ, Վիեննա, Հռոմ, Լոնդոն, Հելսինկի, Լայպցիգ, Զալցբուրգ, Ռեյկյավիկ, Վաշինգտոն, Նյու-Յորք, Չիկագո, Տոկիո, Կահիրե, Բեյրութ, Մոնտեվիդեո, Բուենոս-Այրես, Կարակաս, Հավանա, Մեխիկո, Օսակա, Նագասակի, Ալեքսանդրիա, Լյուքսեմբուրգ, Սան-Պաուլո, Մանչեստեր, Ակապուլկո... Սա այն վայրերի ոչ ամբողջական ցուցակն է, որտեղ ելույթ է ունեցել Խաչատրյանը: Նրա համերգները մշտապես անցնում էին հաջողությամբ՝ նպաստելով միջազգային կապերի ամրապնդմանը:

«Հսկայական ծրագիրը կոմպոզիտորը ղեկավարում էր արտաքուստ հանգիստ, բայց ներքին ավյունով համակված: Այդ համերգը դարձավ մեր երաժշտական կյանքի բացառիկ իրադարձություններից մեկը... Հասարակությունը Խաչատրյանին ընդունեց երկարատև ծափահարություններով, որոնց միացան նվագախմբի ֆանֆարները» :
«Հելսինգախ Սանոմատ» (16 ապրիլի 1955թ.)

«Խաչատրյանն իր առջև խնդիր է դնում երաժշտությամբ հուզել ունկնդիրներին: Ինքը՝ կոմպոզիտորը, իր մտադրությունները գաղտնի չի պահում: Նա ասում է. «Երաժշտությունը սրտից բխող գործ է» : Երեկվա համերգը ցույց տվեց, որ կոմպոզիտորն հասկանում է ասվածի իմաստը...»:
□Յումանիտե□ (29 մարտի 1960թ.)

«Նա այնպես էր ղեկավարում նվագախումբը, որ ավելին հնարավոր չէր ցանկանալ: Նրա ժեստը պարզ է և հստակ, իսկ շարժումները ոգևորում են թե՛ կատարողներն, թե՛ ունկնդիրներին: Վաղուց չէինք լսել նվագախմբի այդպիսի հնչողություն: Հաջողությունը բացառիկ էր...»:
«Պազզե Սերա» (8 ապրիլի 1963թ.)