Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

«Ուզում եմ ասել, որ ինձ համար շատ դժվար էր թղթի վրա արված գծագրով պատկերացնել ապագա տուն-թանգարանը: Արտաքինից այն շատ գեղեցիկ էր ու համոզիչ, իսկ ներքին դասավորությունն ու ձևավորումը ավելի դժվար էր պատկերացնել: Նախագիծն, ընդհանուր առմամբ, ինձ դուր եկավ և ես կուզենայի հաստատել այն ...»
Արամ Խաչատրյան, 29 հունվարի, 1978թ., Մոսկվա

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը գտնվում է Երևանում: Իր կյանքի օրոք կոմպոզիտորն հասցրեց միայն ծանոթանալ ապագա թանգարանի էսքիզներին և խորհուրդներ տալ հայտնի ճարտարապետ Էդուարդ Ալթունյանին, որին կառավարության կողմից հանձնարարված էր տուն-թանգարանի նախագիծը:
Թանգարանի հիմքը հանդիսացավ այն առանձնատունը, որտեղ ապրում էր Ա.Խաչատրյանի ավագ եղբայրը՝ Վաղինակն իր ընտանիքի հետ: Հենց այդտեղ էր հաճախ իջևանում կոմպոզիտորը, երբ ժամանում էր Երևան:
Առանձնատունը պահպանվել է անփոփոխ, իսկ նրան համալրող տուն-թանգարանի երկհարկանի շենքը կառուցվել է այգու տարածքում: Պահպանվել է մի փոքրիկ ներքին բակ, ուր Ա. Խաչատրյանի ծննդյան 105-ամյակի օրը կանգնեցվեց հուշաղբյուր` ճարտարապետներ Ս. Գյուրզադյանի և Ս. Բարսեղյանի նվերը թանգարանին: Շենքի ճակատային մասում վեր խոյացող հինգ կամարները կամերտոն են հիշեցնում:
Թանգարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ կոմպոզիտորի մահից որոշ ժամանակ անց՝ 1982թ.-ին: Տուն-թանգարանի առաջին տնօրեն նշանակվեց դիրիժոր, երաժշտա-հասարակական գործիչ, հանրապետության վաստակավոր ուսուցիչ Գոհար Հարությունյանը: Նրա ղեկավարությամբ թանգարանում ընդունված ավանդույթները շարունակվում և նոր լույսի տակ են զարգացվում թանգարանի ներկա տնօրեն` դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանի ղեկավարությամբ:
Տուն-թանգարանում կազմակերպվում են արդեն ավանդական դարձած միջոցառումներ` փառատոներ, հուշ-երեկոներ, մրցույթներ, հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ, կազմակերպվում են ցուցահանդեսներ, հնչում են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ:
Այստեղ պահվում են նամակներ, պարտիտուրային ձեռագրեր, գրքեր, ձայնապնակներ, լուսանկարներ և հանճարեղ կոմպոզիտորի կյանքի և գործունեության հետ այս կամ այլ կերպ առնչվող այլ նյութեր: Ա.Խաչատրյանի որդին՝ Կարենը, թանգարանին է նվիրել հոր անձնական իրերը՝ առանձնասենյակի, ննջասենյակի, ճաշասենյակի կահույքի պարագաները, դաշնամուրը, դիրիժորական ֆրակն ու փայտիկը, նամակները և ընտանեկան արխիվի շատ մանրուքներ:
Ինչպես տուն-թանգարանի բացումից առաջ, այնպես էլ դրանից հետո աշխարհի տարբեր ծայրերից այստեղ են ուղարկվել բազմաթիվ արժեքավոր նյութեր՝ հարստացնելով տուն-թանգարանը նորանոր հուշաիրերով: Ցուցադրանմուշներից մեկը ունի շատ հետաքրքիր պատմություն: Խոսքը տուն-թանգարանին Սան-Պաուլոյից Տիգրան Մոստիջյանի նվիրած դաշնամուրի մասին է: Մի անգամ (դա 50-ական թվականների վերջն էր), երբ Խաչատրյանը համերգներով հանդես էր գալիս Հարավային Ամերիկայում, նրա արվեստի երկրպագու Տ.Մոստիջյանը կոմպոզիտորի պատվին ընդունելություն կազմակերպեց իր տանը: Նա դաշնամուր գնեց հատուկ այն նպատակով, որպեսզի Խաչատրյանը գեթ մեկ անգամ դիպչի գործիքի ստեղներին: Երբ կոմպոզիտորն իր մի քանի ստեղծագործություններից հատվածներ նվագեց, տանտերն անսպասելիորեն նրան մեխ տվեց ու խնդրեց, որ Խաչատրյանը քերծելով ստորագրի դաշնամուրի փակիչի վրա: Երկար համոզելուց հետո, տանտերը, վերջապես, հասավ իր ուզածին: Այսօր այդ պատմական դաշնամուրը իր համեստ տեղն է զբաղեցնում թանգարանում:
Խաչատրյանի տուն-թանգարանը ունի լուսավոր ու հիանալի ակուստիկայով համերգային դահլիճ, որի պատերը բազմիցս են ընդունել և ընդունում թե՛ կամերային երաժշտության առաջատար կատարողների, թե՛ երիտասարդ երաժիշտների:
Տուն-թանգարանը աչքի է ընկնում հարուստ ձայնադարանով, որտեղ պահվում են դասական և ժամանակակից երաժշտության մոտ 2500 ձայնասկավառակ: Այստեղ նաև գործում է լարային գործիքների վերանորոգման արհեստանոց: Թանգարանում է գտնվում հազվագյուտ գործիքների պետական հավաքածուն: