Ուսանողները

«Աշակերտից ես նախ և առաջ նախաձեռնություն եմ պահանջում: Ես պատրաստ եմ ավելի շատ ներել նրա տեխնոլոգիական սխալները, քան մտքի բացակայությունը: Ոչ մի ուսուցիչ չի տա այն, ինչ տալիս է երաժշտությունը, երաժշտական պրակտիկան, կյանքը... Որքան շատ են կյանքից ստացված տպավորությունները, այնքան շատ են ստեղծագործական մտահղացումները, այնքան հետաքրքիր ու բովանդակալից է դրանց մարմնավորումը»:
Արամ Խաչատրյան

1950թ.-ից սկսվում է Արամ Խաչատրյանի մանկավարժական գործունեությունը՝ սկզբում նեսինների անվան ինստիտուտում, ապա՝ Մոսկվայի կոնսերվատորիայում: Այդ տարիներին նա արդեն հասուն, հեղինակավոր կոմպոզիտոր էր ու շատ հայտնի ստեղծագործությունների հեղինակ:
Արամ Իլյիչը սիրում էր իր ուսանողներին՝ անկախ նրանց ընդունակություններից: Նա օժտված էր մանկավարժական արտակարգ «հոտառությամբ», որի շնորհիվ կարողանում էր ճիշտ կերպով զարգացնել յուրաքանչյուր ուսանողի առանձնահատկությունն ու ինքնատիպությունը: Թերևս, պատահական չէ, որ Խաչատրյանի սաներից և ոչ մեկի գլխում մասնագիտությունը փոխելու և կոմպոզիտոր չդառնալու մասին միտք անգամ չի ծագել:

Նրա ամենափայլուն ուսանողներից են.


Անդրեյ Էշպայը խորհրդային կոմպոզիտոր է և դաշնակահար: 1953-56թթ.-ին եղել է Խաչատրյանի ասպիրանտը: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է: ՅՈՒՆԵՍԿՈ-յին կից Միջազգային երաժշտական խորհրդի անդամ: Մի շարք հայտնի ստեղծագործությունների՝ սիմֆոնիաների, կոնցերտների, բալետների, ինչպես նաև դրամատիկական թատրոնների և կինոֆիլմերի համար գրված երաժշտության հեղինակ է:

Էդգար Հովհաննիսյանը հայ կոմպոզիտոր է, Հայաստանի ժողովրդական արտիստ: Սովորելով Արամ Խաչատրյանի դասարանում՝ 1957թ.-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան: Նրա ստեղծագործություններում նկատվում է ձգտում դեպի քնարականություն, էպիկականություն: Բալետների, կանտատների, կոնցերտների, խմբերգային ստեղծագործությունների, երգերի, դրամատիկական ներկայացումների և կինոֆիլմերի երաժշտության հեղինակ է:

Էդուարդ Խաղագործյանը
հայ կոմպոզիտոր է, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ: Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան ավարտել է 1965թ.-ին, որտեղ սովորել է Արամ Խաչատրյանի դասարանում: Մանկական օպերաների, բալետների, սիմֆոնիաների, կոնցերտների, կամերային-գործիքային անսամբլների հեղինակ է:

Միքայել Թարիվերդիևը խորհրդային կոմպոզիտոր է, 1957թ.-ին ավարտել է նեսինների անվան երաժշտա-մանկավարժական ինստիտուտը, որտեղ սովորել է Արամ Խաչատրյանի դասարանում: Ստեղծագործական ժառանգության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է կամերային և դրամատիկական ներկայացումների ու կինոֆիլմերի համար գրված երաժշտությունը: Նրա երգերն ու ռոմանսներն մեծ ճանաչում են ստացել ողջ աշխարհում:

Տոլիբ Շահիդին տաջիկ կոմպոզիտոր է, 1972թ.-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Արամ Խաչատրյանի դասարանը): Իր ստեղծագործություններում շեշտը դնում է ազգային ֆոլկլորի վրա: Բալետների, մի շարք սիմֆոնիկ ստեղծագործությունների հեղինակ է:

Ալեքսեյ Ռիբնիկովը ռուս կոմպոզիտոր է, 1967թ.-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Արամ Խաչատրյանի դասարանը: Մի շարք օպերաների, մյուզիքլների, կոնցերտների հեղինակ է: Ռիբնիկովի անունն անքակտելիորեն կապված է խորհրդային կինոարվեստի հետ: Շատ գեղարվեստական ֆիլմեր նրա երաժշտության շնորհիվ մեծ ճանաչում են ձեռք բերել:

Խաչատրյանի լավագույն սաներից են նաև Բ.Տրոցյուկը, Ռ.Բոյկոն, Կ.Վոլկովը, Մ.Մինկովը, Անատոլ Վիերուն (Ռումինիա), Լոպես Մարտին Խորխեն (Կուբա), Նոբուո Տերախարան (Ճապոնիա) և այլոք: