ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ
(կրճատումներով)


Սերգեյ Պրոկոֆևին

Թանկագին Սերգեյ Սերգեևիչ,
Մենք Նինայի հետ հենց հիմա եկանք «Մոխրոտի» 100-րդ ներկայացումից։ Հսկայական հաճույք ստացանք։
Թույլ տվեք, թանկագին Սերգեյ Սերգեևիչ, շնորհավորել 100-րդ ներկայացման կապակցությամբ և ասել Ձեզ, որ Դուք հիասքանչ կոմպոզիտոր եք։ Ի՜նչ երևելի է «Մոխրոտի» երաժշտությունը։ Որքա՜ն տաղանդով առկայծող էջեր կան բալետում։
Դժվար է բառերով արտահայտել այն հաճույքը (հոգեկան մաքրումը), որը զգում ես «Մոխրոտի» երաժշտությունը լսելիս, սքանչելի Ուլանովայի խաղը և Վիլյամսի ձևավորումը դիտելիս։
Երկրորդ գործողության Ադաջիոն, Մոխրոտի որոնումները, ժամացույցը և ուրիշ շատ կտորներ՝ ի՜նչ հիանալի է այդ ամենը։ Իսկ վա՜լսը։ Ուզում եմ շատ բան ասել, բայց դժվար է թղթի միջոցով արտահայտել։
Բարևեք Միրա Ալեքսանդրովնային։
Ցանկանում ենք Ձեզ առողջություն և ամենայն բարիք։
Ձեզ սիրող՝ Արամ Խաչատրյան և Նինա Մակարովա
11 ապրիլի 1950թ., Մոսկվա


Դմիտրի Շոստակովիչին

Թանկագին Միտյա,
Մեծ հուզմունքով և մեծ ուրախությամբ եմ գրում քեզ այս նամակը։ Գրում եմ քեզ, ոչ միայն որպեսզի շնորհավորեմ քո ծննդյան օրվա առթիվ, այլ նաև ուզում եմ իմ մի քանի մտքերն արտահայտել քո մասին։
Ես շնորհակալ եմ ճակատագրից այն բանի համար, որ ընկերացել եմ քեզ և քո ժամանակակիցն եմ հանդիսանում։ Ես շնորհակալ եմ քեզանից այն բանի համար, որ դու քո արտակարգ ստեղծագործությամբ անհասանելի բարձրության հասցրիր խորհրդային երաժշտության մակարդակը։
Մենք բոլորս ձգտում ենք հասնել քեզ, չնայած դա անհնար է։ Դու մեր առաջնորդն ես, և ցանկանում ես, թե ոչ, դու մեզ տանում ես քո հետևից։ Քո պատմական առաքելությունը հսկայական է: <...>
Ինձ համար հաճելի է, որ կա մի մարդ, որի նկատմամբ տածած հարգանքից ու հիացմունքից ես ամաչկոտ եմ դառնում։ Ես քեզ քիչ եմ անհանգստացնում, չնայած հաճախ եմ կարիք ունենում շփվել քեզ հետ։
Թանկագին և մեծապատիվ իմ ընկեր, շնորհավորում եմ քեզ քո պանծալի հիսնամյակի առթիվ, երջանկություն եմ ցանկանում, ցանկանում եմ՝ էլ ավելի շատ ստեղծագործություններ գրես, միշտ հզոր լինես, ինչպես մինչև այժմ։
Դու դեռ մեծ տարիք չունես, բայց մեծ կյանք ես ապրել։ <...>
Գրկում եմ քեզ,
Հավատարիմ՝ Ա.Խաչատրյան
24 սեպտեմբերի 1956թ., Մոսկվա


Դավիթ Օյստրախին

Թանկագին Դոդիկ,
Տես, թե ինչպես է լինում կյանքում. մարդիկ ապրում են կողք կողքի, միևնույն քաղաքում, հաճախ նույնիսկ նույն տանը, բայց իրար հետ չեն տեսնվում կամ չեն հասցնում ասել միմյանց ինչ որ մտածում են։ Ձեր երկտողը Ձեր համեստության վկայությունն է։ Կարծում եմ, որ եթե Կոնցերտս չհավանեիք, ապա նման հրաշալի կադենցիա չէիք գրի նրա համար։ Ձեր կադենցիան ես իմից լավն են համարում։ Ձեր կադենցիան ֆանտազիա է իմ թեմաներով և համոզիչ է ձևի առումով։ Տալով առաջին թեմայի տարրերն ու ռիթմը՝ Դուք ունկնդրին հրաշալիորեն նախապատրաստում եք ռեպրիզայի ընկալմանը։
Ես Ձեզ համարում եմ դարակազմիկ ջութակահար և արտիստ, այսինքն՝ Դուք Ձեր հսկա ստեղծագործական անձնավորությամբ արտացոլում եք մեր խորհրդային դարաշրջանը և գլխավորում եք մեր ջութակի կատարողական դպրոցը, այդ պատճառով ինձ համար ոչ միայն հաճելի է, այլև ինքնասիրությունս շոյող, որ իմ Կոնցերտը գրգռեց Ձեր ստեղծագործական երևակայությունը, և Դուք ցանկացաք ստեղծագործել իմ թեմաներով:
Ձեզ հետ շփվելուց մեծագույն հաճույք ստացող,
Ձեր՝ Արամ Խաչատրյան

Չայկովսկու անվան մրցույթի երկրորդ փուլի առաջին օրը։
Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ։
Թանկագին Դոդիկ, շարունակում եմ սեփականել Ձեր հեղինակած կադենցիան։ Երբ ես մեռնեմ, կսկսեն հայտարարել, որ կադենցիան Օյստրախինն է։ Թույլ մխիթարանք է: <...>
Ա.Խաչատրյան
24 մարտի 1958թ., Մոսկվա


Լեոնիդ Կոգանին

Թանկագին Լյոնյա,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ քեզ՝ կոնսերվատորիան փայլուն ավարտելու կապակցությամբ։ Մեկ հատ «երեք» գնահատականը թող քեզ չվշտացնի, դա էական դեր չի խաղա քո կոնսերվատորիական ճակատագրի որոշման ժամանակ: <...>
Քեզ սիրող, քո՝ Արամ Իլյիչ
21 հուլիսի 1948թ., Ժելեզնովոդսկ

***

<...> Ինձ հուզում են մեր ստեղծագործական հարաբերությունները։ Ինչպիսի՞ն կլինի Ռապսոդիայի վիճակը։ Այն ինձ արդեն դուր չի գալիս։ Ինձ թվում է՝ Ռապսոդիան կոնսերվատիվ է։ Դու պարտավոր ես ինձ ասել այն ամենը, ինչ մտածում ես Ռապսոդիայի մասին։ Ես ուզում եմ, որ քեզ նվիրված ստեղծագործությունը պատկանի վերջին տարիներին ջութակի համար ստեղծված գրականության բարձրագույն ոլորտներին: <...>
Քո՝ Ա.Խաչատրյան
23 հուլիսի 1960թ., Յալթա

***

Թանկագին Լյոնյա,
Քո ծննդյան օրը ես որոշեցի նվիրել քեզ այն, ինչ ինձ համար շատ թանկ է։ Դա մեր Ռապսոդիայի առաջին ձեռագիրն է։ Երբ ես սկսեցի գրել այդ գործը, ես մտածում էի քո մասին։ Ես Ռապսոդիան նվիրել եմ քեզ մեծ ուրախությամբ և ըստ արժանվույն, քեզ՝ մեր ժամանակների մեծ ջութակահարին և արտիստին: <...> Ամենայն բարին։
Քեզ սիրող՝ Արամ Խաչատրյան
14 նոյեմբերի 1962թ.