«Անհայտ» Խաչատրյանը

Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում։ Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել (ըստ լյա և դո նոտաների)։
Կոմպոզիտորն հաճույքով էր զբոսնում Լյադոյի հետ։ Վերջինիս հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը՝ նվիրված շանը։

***

Երևանում բեմադրվում էր «Սպարտակ» բալետը. դա վերջին ներկայացումն էր, որտեղ ներկա էր հեղինակը։ Բեմադրությունն անթերի էր, բալետային խումբը՝ հիանալի, նվագախումբը ղեկավարում էր Յա. Ոսկանյանը։ Սակայն, առաջին գործողության կեսից Խաչատրյանն անսպասելիորեն վեր կացավ և լքեց դահլիճը։ Գործողությունն ավարտվեց, իսկ կոմպոզիտորը դեռևս չկար։ Որոշ ժամանակ անց նրան գտան դրսում՝ օպերային թատրոնից ոչ հեռու։
«Եթե ես մնայի, ապա սարսափելի աղմուկ կբարձրացնեի», - սրտանց ասաց Խաչատրյանը։ «Իսկ ի՞նչ էր պատահել, չէ՞ որ հիանալի էր բեմադրությունը, նվագախումբը...» հարցին կոմպոզիտորը պատասխանեց. «Նրանք իմ երաժշտությունից կրճատեցին 4 ամբողջ տակտ»։
Չնայած ունկնդիրները խաչատրյանական երաժշտության փոքրիկ հատվածի «կորուստը» չէին էլ նկատել, այնուամենայնիվ նշված փաստը խիստ զայրացրել էր հեղինակին (որը շատ կարգապահ երաժիշտ էր և չափազանց պահանջկոտ էր կատարողների հանդեպ)։

***

Պատերազմից հետո երևանյան հոսպիտալները լի էին վիրավորներով։ Ժամանելով Երևան՝ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել համերգով հանդես գալ հոսպիտալներից մեկում։ Կոմպոզիտորը երաժշտությունը մեջընդմիջում էր պատերազմի տարիներին երաժիշտների կյանքին վերաբերող հետաքրքիր պատմություններով։ Հիշարժան է, հատկապես, հետևյալ դեպքը։ Էվակուացիայի ժամանակ կայարաններից մեկում Խաչատրյանը, Օյստրախն ու Շոստակովիչը, բառիս բուն իմաստով, սոված էին մնացել։ Ծանր վիճակից նրանց դուրս բերեց Օյստրախը՝ կատակով առաջարկելով տեղում համերգ տալ։ Մտահղացումն հրապուրեց Շոստակովիչին ու Խաչատրյանին, և վերջիններս հաճույքով ընդունեցին առաջարկը։
Հանպատրաստից կայացած համերգի համար հիանալի երաժիշտները ճաշի արժանացան։

***

1944 թ.-ին, երբ Հայաստանի հիմնի ստեղծման համար մրցույթ հայտարարվեց, Խաչատրյանը ժամանեց Երևան՝ բերելով երաժշտության իր տարբերակը՝ գրված Սարմենի խոսքերով։ Մի գիշեր, նստելով գործիքի մոտ, ընտանեկան նեղ շրջանում կոմպոզիտորը սկսեց նվագել ու երգել իր գրած հիմնը։
Ամառ էր, և բոլորի պատուհանները բաց էին։ Պարզվեց, որ շուրջբոլորը (պատշգամբներում, պատուհանների մոտ, փողոցում) բազմաթիվ մարդիկ էին հավաքվել, որոնք, ոգևորված իրենց լսածով, միահամուռ կերպով սկսեցին երգել խաչատրյանական մեղեդին։