Նորություններ

Նոյեմբերի 23-30-ին «Արամ Խաչատրյան» համերգա­սրահում անցկացվեց Դաշնակահարների առաջին միջազգային մրցույթը։ Մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ Մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարությունը, «Արամ Խաչատրյան-100» հիմնադրամը և Երևանի պետական կոնսերվատորիան։ Միջոցառումը անցնում էր ՀՀ նախագահի և առաջին տիկնոջ՝ Բելա Քոչարյանի հովանու ներքո։ Հայտնի դաշնակահար Վլադիմիր Կրայնևի գլխավորած ժյուրիի կազմում էին ընդգրկվել երաժշտական գործիչներ Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից և Հայաստանից։ Որպես պատվավոր հյուրեր հրավիրված էին Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը, Թբիլիսիի կոնսերվատորիայի ռեկտոր Մ.Դոյդիշվիլին և դիրիժոր Վ.Շուբլաձեն։
Մրցույթի արդյունքում, 1-ին մրցանակը, ոսկե մեդալը, դափնեկրի դիպլոմը և 15000 ԱՄՆ դոլար դրամային մրցանակը շնորհվել է Տանյա Գաբրիելյանին (ԱՄՆ)։
2-րդ մրցանակը, արծաթե մեդալը, դափնեկրի դիպլոմը և 10000 ԱՄՆ դոլար ստացավ Թինաթին Կիկնաձևն (Վրաստան)։
3-րդ մրցանակը, բրոնզե մեդալը և դափնեկրի դիպլոնը բաժանեցին Ռուբեն Դալիբալթայանը (Հայաստան) և Մամիկոն Նահապետովը (Վրաստան): Վերջինս արժանացավ նաև հանդիսատեսի համակրանքի մրցանակի։
2000 դոլարի չափով խրախուսական մրցանակը շնորհ­վեց երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանին, որը դուրս եկավ եզրափակիչ փուլ, սակայն չդարձավ դափնեկիր։


Երևանում ավարտվեց Ա.Խաչատրյանի 100-ամյակին նվիրված Միջազգային երաժշտական գիտաժողովը, որի կազմակերպիչներն էին Հայաստանի Կոմպո­զիտորների միությունը և ՅՈՒՆԵՍԿՈ-յին կից Ազգային հանձնաժողովը։ Գիտաժողովի շրջանակներում անցկացվեց գիտական կոնօերանս, որին մասնակցեցին Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Վրաստանից, Գերմանիայից, Իրանից, Եգիպտոսից և Հայաստանից հայտնի երաժշտագետներ, արվեստի վաստակավոր գործիչներ։


Լույս է տեսել Երջանիկ Կարախանյանի «Արամ Խաչատրյանը իմ հուշերում» գիրքը։ Հեղինակի հուշագրությունն ընդգրկում է XX դարի 30-70-ական թվականների բուռն իրադարձություններով հարուստ ժամանակաշրջանի սեղմ նկարագիրը, նշանավոր արվեստագետներ Արամ Խաչատրյանի, Ավետիկ Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Մարիետտա Շահինյանի, արվեստի ու գրականության մի շարք այլ գործիչների հետ անձնական մտերմությունը։ Գրքում առանցքային տեղ է գրավում Արամ Խաչատրյանի մասին հուշերը, որոնք ներկայացնում են Մեծ կոմպոզիտորի մարդկային բարձր արժանիքները, մտորումները, հոգսերը։


1000-ից ավելի պարող է մասնակցելու Գառնիի հեթանոսական տաճարի հրապարակում կայանալիք պարի աննախադեպ փառատոնին։ Ինչպես խոստովանում է Հայաստանի ժողովրդական արտիստ, «Գայանե» և «Սպարտակ» բալետների մենակատար Վանուշ Խանամիրյանը, ինքը չէր կարող անմասն մնալ խաչատրյանական օրերին։
Շուրջ 40 պարախումբ է մասնակցելու տոնախմբությանը, ինչպես Պարի պետական անսամբլը, «Բարեկամությանը», «Կանազը», այնպես էլ՝ բազմաթիվ այլ ինքնագործ պարային խմբեր։
Հուլիսի 10ի պարահանդեսին հնչելու են միայն Արամ Խաչատրյանի հայտնի պարեղանակները։


Հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան տարեդարձին, Երևանում՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի համերգասրահում կայացավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը (դիրիժոր՝ Է.Թոփչյան)։ Ծրագրում ներառված էին Խաչատրյանի Ջութակի կոնցերտը (մենակատար՝ Ն.Մադոյան, Գերմանիա), հատվածներ «Սպարտակ» բալետից և Երկրորդ սիմֆոնիան։


Հունիսի 6-ին Ազգային գրադարանի նորաբաց «Վերնատուն» սրահում բացվեց Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված էր նոտային եւ տեսական գրականություն, անվանի կոմպոզիտորի լուսանկարները:
Նոտային-երաժշտական գրականության բաժնի վարիչ Մարինա Սեմյոնովան հայտնեց,որ նախատեսվում էր անցկացնել չորս նման ցուցահադես, որոնց թեմատիկան ներառում է Խաչատրյանի բալետները և սիմֆոնիկ ստեղծագործությունները, բեմական և ֆիլմերի համար գրված երաժշտական գործերը։ Ս.թ. սեպտեմբերին Ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա Խաչատրանի ամբողջ գուրծունեությունն ամփոփող միջոցառում:
Այսուհետ գրադարանում յուրաքանչյուր ամսվա 15-ը հայտարարված է Արամ Խաչատրյանի օր:


Հունիսի 4-ին Մոսկվայում, իսկ 6ին՝ ՍանկտՊետերբուրգում մեծ հաջողությամբ անցան Հայաստանի պետական կամերային նվագախմբի հյուրախաղերը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արամ Ղարաբեկյան)։ Հնչեց 20րդ դարի հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի երաժշտությունը։


Մայիսի 30-ին Վաշինգտոնում Ավստրիայի դեսպանության մշակութային կենտրոնում՝ Վաշինգտոնի ամերիկահայ բժշկական միությունը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո կազմակերպել էր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հարյուրամյակին նվիրված բարեգործական համերգ՝ հանրահայտ երգիչներ Բարսեղ Թումանյանի, Սուսաննա Մարտիրոսյանի, ջութակահար Նաիրի Փուչիկյանի և դաշնակահար Գրիգորի Շահվերդյանի մասնակցությամբ:
Ձեռնարկից գոյացած գումարը տրամադրվելու է Երեւանի ռազմական հիվանդանոցի արյան պահոցի անհրաժեշտ արդիականացմանը:


Ապրիլի 12-ին Սամարայում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի ծննդյան հոբելյանին նվիրված համերգ։ Հնչեցին «Սպարտակ» բալետից դրվագներ և Ջութակի կոնցերտը՝ հայտնի ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Ռուբեն Ահարոնյանի կատարմամբ։


Նատալյա Կասատկինայի և Վլադիմիր Վասիլևի Դասական բալետի թատրոնը պատրաստվում է հոկտեմբերին ցուցադրել «Ռոսիա» համերգասրահում «Սպարտակ» բալետի նոր տարբերակը։


Արամ Խաչատրյանի 100ամյակի կապակցությամբ Ռուսաստանում թողարկվեց կոմպոզիտորի պատկերով հոբելյանական փոստանիշ։ Այն շրջանառության մեջ է ս.թ. ապրիլի 24ից։


Արամ Խաչատրյանի 100ամյակին նվիրված տոնակատարությունների շարքում, ԱՄՆում ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ Նյու Յորքի «Լինքոլն Սենթըր» և Լոս Անջելեսի «Փասադենա Սիվիք» համերգասրահներում կհնչի խաչատրյանական երաժշտությունը։ Ռուսական Գրիգորովիչ թատրոնը սեպտեմբերին կցուցադրի մեծ կոմպոզիտորի «Սպարտակ» բալետը։